*GAY*    *LINE*Пятница, 17.05.2024, 13:37

Приветствую Вас Гость | RSS | Главная | | Регистрация | Вход

Главная » 2010 » Апрель » 11 » Ճնշված ազատություն
23:30
Ճնշված ազատություն

ԹԱՔՈՒՆ ԿՅԱՆՔ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՐՍԱՓ. ՀԱՅ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՆ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

  • Ալեքպեր Ալիևի՝ հայ և ադրբեջանցի միասեռականների սիրո մասին պատմող «Արտուշ և Զաուր» վեպը ցնցել էր Ադրբեջանի պահպանողական հասարակությունը, որը հիմնականում մահմեդականություն է դավանում: Վեպը կրկնակի տաբու էր խախտել՝ սիրային հարաբերություններ հայի և ադրբեջանցու միջև և միասեռական սեր: Վեպի հրատարակման հարուցած բուռն վրդովմունքը վեր հանեց Ադրբեջանում իշխող հոմոֆոբիական տրամադրությունները, որոնք, ինչպես պարզվում է, ամբողջությամբ կիսում են ազգային և կրոնական սահմանի մյուս կողմում՝ Հայաստանում: 26-ամյա Հովհաննես Մինասյանը Հայաստանի այն հազվագյուտ միասեռականներից է, որ հարցազրույց է տալիս` առանց անունն ու ազգանունը թաքցնելու: Նա իր այս ազատությունը վաստակել է միասեռականության համար դատարանի կողմից հանցագործ ճանաչվելով, որի պատճառով նրա հարազատներն ու ամբողջ թաղամասը իմանում են, որ Հովիկը միասեռական է, ու նա այլևս թաքցնելու բան չի ունենում: Մղձավանջը սկսվեց 1999-ին, երբ մի առավոտ Հովհաննեսին ոստիկանները տանում են ու արվամոլության մեղադրանք ներկայացնում: Նրան ու ևս չորս հոգու մատնել էր իր հետ սեռական հարաբերություն ունեցած մի անձ: Հովհաննեսը, որն այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, պատմում է, որ միանգամից ընդունում է, որ տղամարդու հետ սեռական կապ է ունեցել. «Ես չգիտեի, որ հանցանք եմ գործել, ու երբ ոստիկանությունում հարցրին, թե արե՞լ ես, ասի՝ այո»: Պատմում է, որ ոստիկաններն իրեն ահավոր ծեծում էին` պահանջելով այլ միասեռականների անուններ տալ, սակայն ինքը այդպես էլ չի տալիս: Վեց հոգի դատապարտվում է Հայաստանի Հանրապետության Քր. օր. 116-րդ հոդվածով՝ արվամոլություն. Հովհաննեսի պատժաչափը անչափահաս լինելու շնորհիվ ավելի քիչ է լինում. դատապարտվում է երեք ամիս (հոդվածը նախատեսում էր մինչև հինգ տարվա ազատազրկում): Պատմում է, որ բանտում մշտապես ենթարկվել է վերակացուների ճնշումներին. «Կալանավորների կողմից էնքան ճնշում չեմ զգացել, ինչքան աշխատողների. ոնց որ իրանց համար խաղալիք լինեի, տանում ծաղրում էին, հետո նորից բերում, գցում կամեր»: Միասեռականի պիտակ ստացած Հովհաննեսին սկսում են հալածել թաղի տղաները, հետևից գոռում՝ գոմիկ, քարերով խփում, հարձակվում ծեծում: Սա դեռ ամենը չէ. պատմում է, որ մի ոստիկան նրան, մշտապես շանտաժի ենթարկելով` պահանջում էր հարուստ միասեռականների անուններ տալ: Հաջողության չհասնելով` նրա միասեռական լինելու մասին հայտնում է այն բարի տնօրենին, որտեղ նա աշխատում էր: Տնօրենը Հովհաննեսին ու նրա միասեռական ընկերոջը հեռացնում է աշխատանքից: 26-ամյա Հովհաննես Մինասյանի դատապարտվելուց անցել է տասը տարի, և այսօր նա աշխատանք ունի, թաղում նրան էլ չեն հալածում, սովորել են նրա ներկայությանը: 1917 թվականի հեղափոխությունից հետո` 1922 թվականին ընդունված Քրեական օրենսգրքով Սովետական Միությունում միասեռականությունը ապաքրեականացվում է: Սակայն 1933 թվականին նորից մտնում է քրեական օրենսգիրք և, ի վերջո, հանվում 2003 թ.: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը այս հոդվածով երկու անգամ դատապարտվել է` 1948-ին և 1974-ին: Թեև նոր Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո հանվում է «արվամոլություն» հոդվածը, սակայն միասեռականների նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը չեն վերանում: Մեկ տարի առաջ Երևանի բուհերից մեկի ուսանող 21-ամյա Խաչիկին ծնողները դուրս են անում տնից, այն բանից հետո, երբ իմանում են, որ որդին միասեռական է: Խաչիկը 13-14 տարեկանում զգում է, որ ինքը տարբերվում է շրջապատից, աղջիկների փոխարեն տղաներն են ձգում: «Այդ տարիքում, երբ սկսում են ձեռնաշարժությամբ (օնանիզմ) զբաղվել, ես պատկերացնում էի տղաների: Ինձ թվում էր, թե ես միակն եմ իմ տեսակի մեջ, բայց հետո ինտերնետով ծանոթացա իմ նմաններին»: Առաջին սեռական կապն ունենում է 20 տարեկանում` ինտերնետով ծանոթացած մի տղայի հետ: Սիրած տղային որպես ընկեր ծանոթացնում է ընտանիքին: Սակայն մի օր մայրը հայտնաբերում է, որ նրանց կապը սովորական ընկերությունից տարբերվում է: «Մի անգամ սենյակումս մենք ֆիլմ էինք նայում: Կարծում էի, թե դուռը փակ է, ու համբուրեցի նրան: Էդ պահին մաման ներս մտավ ու տեսավ»,- հիշում է նա: Մայրը սկզբում լաց է լինում, իսկ հետո հոր հետ հարձակվում որդու վրա. «Պապաս ջղայնացավ. «Ինչո՞վ քեզ չէին հերիքում աղջիկները, որ որոշեցիր գնաս տղաների հետ կապ ունենաս: Իմ տղեն տենց չի կարա լինի»: Հետո մաման ոգևորված հարձակվեց. «Դու ավելի լավ ա մեռնեիր, ավելի լավ ա իմանամ` տղա չունեմ, մահացել ա, քան իմ տղան գոմիկ լինի»: Հարձակվեց, սկսեց խփել ինձ: Ձեռքերը պահեցի, որ չխփի, պապան սկսեց խփել: Հետո ինձ ասեցին, որ ես իրանց տղեն չեմ այլևս, իրանց ընտանիքի անդամը չեմ կարա լինեմ, ու իրանց տունը պիտի լքեմ: Երկար-բարակ չմտածեցի, տնից դուրս եկա»: Այդ օրվանից Խաչիկը վարձով է ապրում և ուսմանը զուգահեռ երկու տեղ աշխատում: Երկու ամիս անց Խաչիկը զինվորական ծառայությունից ազատվում է միասեռական լինելու համար, սակայն դա նրա վրա հավելյալ ճնշումներ է բերում: Հայաստանի հելսինկյան կոմիտեի տվյալների համաձայն՝ 2004 թվականի պաշտպանության նախարարության մի հրամանով` միասեռականները չեն զորակոչվում: «Կամիսիայի հոգեբույժին ասեցի` գեյ եմ, գրիչը շպրտեց ու ասեց՝ վա՛յ քու, արա»: Պատմում է, որ մի փոխգնդապետ թղթապանակով սկսել է խփել. «Բա՞ դու տղամարդ ես, բա հայ տղամարդը իրա վրա շա՞ռ կանի` ես գյոթ եմ (միասեռական նշանակող վիրավորական հայհոյանք)»: Խաչիկին ուղարկում են հոգեբուժարան, որտեղ ախտորոշում են` «անձի շեշտվածություն, ոչ ավանդական սեռական կողմնորոշում», և ազատվում է ծառայությունից: Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը IWPR-ին գրավոր պատասխան ուղարկեց միասեռականներին բանակ չզորակոչելու վերաբերյալ: Ըստ նրա` «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը չի ազատում միասեռականներին զորակոչից: Ալիևի հակասական գրքի հերոսները՝ Արտուշը և Զաուրը, ի վերջո, որոշում են ինքնասպան լինել՝ ցած նետվելով Բաքվի Կույսի աշտարակից, որն Ադրբեջանում համարվում է դժբախտ սիրո խորհրդանիշը: Հոգեբան Դավիթ Գալստյանն ասում է, որ Հայաստանում հասարակության կողմից զանազան ճնշումները դրդել են որոշ միասեռականների ինքնասպանություն գործել: Իր տվյալներով` վերջին երեք տարում 10 միասեռական է իրեն գցել Կիևյան կամրջից: Նա իր պրակտիկայից օրինակներ է բերում, թե ինչպես են ճակատագրեր խորտակվում, երբ բացահայտվում է ընտանիքի անդամի միասեռական լինելը. կինը հրաժարվում է երեխաներից ու հանձնում մանկատուն, քանի որ պարզում է` նրանց հայրը միասեռական է: Մեկ այլ դեպքում` հայրը տնից դուրս է հանում 14-ամյա որդուն, որը փողոցում հայտնվելով` մարմնավաճառությամբ է գոյատևում: «Հասարակության մեջ ֆոբիա կա միասեռականների հանդեպ. նրանց հրեշ, բացիլ են համարում,- ասում է նա: «Իմ [միասեռական] պացիենտները միմյանցից իմանալով` ինձ գտնում են ու իմ մասին ասում՝ գոնե նա մեզ լսում է»: Նման պայմաններում քաղաքական գործիչները ոչ միայն չեն փորձում բարելավել իրավիճակը՝ վերացնելով խնդրի շուրջ հասարակության անիրազեկությունն ու կանխակալ կարծիքը, այլև հակառակը՝ ավելի են վատթարացնում իրադրությունը: Նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանն ասում էր, որ միասեռականներին պետք է քարկոծել: Միասեռականների դեմ ակտիվ պայքարում է Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը, որի այս հայտարարությունը 2006 թ. հուլիսին միանգամից երեք թերթ է հրապարակել: «Եթե համասեռամոլ (նրանց հաճախ տրվող անվանում-հեղ.) անսեռների մի գլխաքանակ կա, ապա մի բնակավայր հիմնենք` «Համասեռաշեն», քանի որ սա եվրոպական արժեք է, իհարկե` Եվրոպայում, թող հավաքվեն այնտեղ»,- ասվում է հայտարարության մեջ: Մամուլի ու հեռուստատեսության հաճախակի հոմոֆոբիական քարոզի առաջամարտիկը Հայ Առաքելական եկեղեցին է, որը, աշխարհի մյուս ավանդական քրիստոնեական եկեղեցիների պես, միասեռականներին պիղծ, հիվանդ ու մեղավոր է անվանում: Գալստյանն ասում է, որ հոմոֆոբիան, իրականում, հակազգային երևույթ է. այն զրկում է երկիրը ինտելեկտուալ ռեսուրսից: «Մենք կորցրել ենք (ինքնասպան են եղել) տաղանդավոր երգիչ, ծրագրավորող, գերազանց սովորող ապագա քիմիկոս»: Բազմաթիվ միասեռականներ հեռացել են Հայաստանից: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը: Այն դարձավ սադրանք` ևս մեկ անգամ բացահայտելու հայ հասարակության հոմոֆոբիան: Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում է. «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել»: Իսկ «Իսկական «Իրավունք» պահպանողական թերթը գրեց, թե այդ փաստաթղթով «արվամոլներին ու լեսբուհիներին՝ մարդկության այդ թափոնին, չգիտես ում կողմից որոշված, տրված իրավունքները» աստվածացնում են: 26-ամյա ակտիվիստ Հրայրը (անվտանգության նկատառումով անունը փոխված է) ասում է, որ ՄԱԿ-ի հայտարարությանը միանալը իրենց իրավունքները չի պաշտպանում: «Ես չեմ ողջունում: Սրանից միայն վնաս եղավ, հանգիստ ապրում էինք, մեր գործն էինք անում: Հիմա սկսվեց աղմուկ, մեր դեմ լարվածություն առաջացավ, հոմոֆոբները հավաքվում են ու մեզ հայհոյում»,- նշեց նա: Հելսինկյան կոմիտեի նախագահ, քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողության խմբի անդամ Ավետիք Իշխանյանն ասում է, որ առավել ծանր է միասեռականների վիճակը փակ համակարգերում` կալանավայրերում և բարաքներում: «Գաղութում նրանք առանձին բարաքում են, նրանց ձեռքով բարևելը, սիգարետ վերցնելը, նրանց իրերին դիպչելը տաբու է»,- ասում է նա: «Եթե որևէ կալանավոր միասեռականի սպասքից օգտվի` նույնիսկ նախապես չիմանալով, թե դա ումն է, ապա հանցագործ աշխարհը նրան «փչացած» է որակում»: «Նրանք ամենաստորացուցիչ աշխատանքներն են անում՝ կոյուղի ու զուգարան մաքրում»: Իշխանյանն ասում է, որ նրանց իրավունքների պաշտպանությունը դժվար է, քանի որ նրանք չեն բողոքում իրենց կարգավիճակի համար: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հերքում է այն փաստը, որ միասեռականներին բանտերում ամենաստորացուցիչ աշխատանքն է բաժին ընկնում: Ըստ նրա՝ յուրաքանչյուր աշխատանք կատարող դատապարտյալ ինքն է ընտրում այդ աշխատանքի բնույթը: «Այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում համասեռամոլներն ապրում են առանձին, պայմանավորված է նրանց ցանկությամբ: Նույն կերպ իրենց ցանկությամբ առանձին են բնակվում Եհովայի վկաները»: Այսուհանդերձ, Դավիթ Գալստյանը նկատում է, որ իրադրությունն սկսում է բարելավվել՝ չնայած բավական դանդաղ: 2001 թ. երկրում, Եվրախորհրդի անդամ դառնալու շնորհիվ, մարդիկ սկսել են իրենց իրավունքներն ավելի ակտիվ պաշտպանել, և միասեռականների վիճակը համեմատաբար բարելավվել է, և ավելի շատ միասեռականներ են խոսում իրենց ինքնության մասին: 2007 թ. ստեղծված «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն (PINK Armenia) բացահայտ հանդես է գալիս միասեռականների իրավունքների պաշտպանությամբ ու զբաղվում սեռավարակների կանխարգելմամբ: Կազմակերպության ակտիվիստ 26-ամյա Հրայրը իր պարսիկ ընկերոջից բաժանվել է միայն այն պատճառով, որ նա ցանկանում էր հեռանալ Եվրոպա: «Իրանում չէր կարող ապրել, այնտեղ կախում են միասեռականներին, այստեղ էլ էր ընկճված ու համոզում էր գնանք, իսկ ես չէի ուզում գնալ»: Թեև նա մշտապես զգում է անհանդուրժողականության ճնշումը, սակայն իր կյանքն առանց Հայաստանի չի պատկերացնում: «Երեխա ժամանակ ինձ հասկանալու տանջանքների մեջ էի, ու կողքիս ոչ ոք չկար,- հիշում է նա: Իսկ այսօր մենք մի մեծ թիմ ենք ու փորձում ենք օգնել նրանց, ովքեր անպաշտպան են: Սա ինձ համար շատ թանկ է: Չեմ վախենում նույնիսկ հաշվեհարդարից, եթե գնամ մի եվրոպական երկիր ու ջայլամի կյանքով ապրեմ, ես ինձ պարտված կհամարեմ»: Հեղինակը` Վահան Իշխանյանը, ազատ լրագրող է, թղթակցում է «ԱրմենիաՆաու» պարբերականին:


Просмотров: 1339 | Добавил: Gayline | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Форма входа

Поиск

Календарь

«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Наш опрос

Оцените мой сайт
Всего ответов: 72

       MER ASHXARHY


  Ուշադրություն

Բոլոր այն անձիք ովքեր
ունեն հետաքրքիր գեյ
պատմություններ իրենց
և այլ մարդկանց հետ
կապված, ինչպես նաև
գեղեցիկ բանա-
ստեղծություներ,
ապա գրեք կայքում
հյուրերի բաժնում, կամ
ուղարկեք
www.arsenchok@mail.ru
հասցեին: Դրանք
անպայման տեղ
կհատկացվեն կայքում:

                Սիրով Gay Line








Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0