ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ցածր է գնահատում Հայաստանի ցուցանիշները
մարդու իրավունքների բնագավառում
05.03.2002
ԱՄՆ-ի
պետդեպարտամենտի տարեկան զեկույցը՝ 2001 թվականին աշխարհում մարդու
իրավունքների կացության մասին, թեեւ ցածր է գնահատում այդ բնագավառում
Հայաստանի կառավարության ցուցանիշները, միաժամանակ բարելավումներ է
արձանագրում մի շարք բնագավառներում:
Ընտրական գործընթացում
տեղական իշխանությունների կառույցների կողմից շոշափելի միջամտությունները
շարունակում են սահմանափակել խաղաղ ճանապարհով կառավարությունը փոխելու
քաղաքացիների կարողությունը:
2001 թվականի ընթացքում, ըստ
պետդեպարտամենտի զեկույցի, քաղաքական սպանություններ, կառավարության կամ
նրա գործակալների կողմից չեն եղել: Սակայն նախնական կալանքի վայրերում եւ
բանակում արձանագրվել են մահվան դեպքեր: Պետդեպարտամենտը վկայակոչում է
Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, նշելով, թե, ականատեսների վկայությամբ,
նախագահ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանել են Պողոսյանին այն բանից
հետո, երբ վերջինս վիրավորական խոսքեր է ասել նախագահին:
2001
թվականին Հայաստանի կալանավայրերում արձանագրվել է 27 մահ, այդ թվում 18
մարդ մահացել է բանտերում: Իսկ բանակում այս նույն ժամանակաշրջանում
արձանագրվել է 92 զինծառայողի մահվան դեպք, հիմնականում դաժան
վերաբերմունքի եւ զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած դժբախտ
պատահարների հետեւանքով:
Վկայաբերելով պաշտպանույթան նախարարության
տվյալները, պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցը նշում
է, որ 2001 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում մահացության դեպքերը
բանակում նախորդ տարվա նույն ժամակաշրջանի համեմատությամբ նվազել են 10
տոկոսով: Նշվում է նաեւ, որ ծեծը հատկապես սաստիկ է եզիդիների եւ
միասեռական զինծառայողների շրջանում:
Բանտային պայմանները խիստ են,
բուժսպասարկումը ցածր մակարդակի վրա է, սակայն, ինչպես հաղորդում են
մարդու իրավունքների պաշտպանության տեղական կազմակերպությունները,
պայմանները կալավայրերում շարունակում են բարելավվել: Այդուհանդերձ մի շարք
դեպքերում պաշտպանության նախարարությունը մերժում է իրավապաշտպան
կազմակերպություններին տրամադրել կոնկրետ դեպքերի վերաբերյալ
տեղեկություններ՝ վկայաբերելով ազգային անվտանգության նկատառումները:
Պետդեպարտամենտի
զեկույցում նշվում է, որ նախկին իրավապաշտպան Պարույր Հայրիկյանը, որն
այժմ գլխավորում է Հայաստանի նախագահին կից մարդու իրավունքների
պաշտպանության հանձնաժողովը այցելել է կալանավայրեր եւ արձանագրել է կոպիտ
իրավախախտումներ:
Հայաստանի Սահմանադրությունը արգելում է
կտտանքները, սակայն բանտային անվտանգության ծառայության աշխատակիցները
մշտապես ծեծի են ենթարկում նախնական կալանքի տակ առնված անձանց
ձերբակալության եւ հարցաքննությունների ժամանակ: Այդուհանդերձ դաժան
վերաբերմունքի արձանագրված դեպքերը 2001 թվականին նվազել են՝ տեղական ոչ
կառավարական կազմակերպությունների միջամտության շնորհիվ:
Կառավարությունը
թույլ է տալիս տեղական իրավապաշտպան կազմակերպություններին այցելել
բանտեր, սակայն դրանց առայժմ իրավունք չի տրվում այցելել նախնական կալանքի
վայրերը:
Իշխանությունները շարունակում են քրեական հանցանքի մեջ
կասկածվող անձանց կալանումը եւ ձերբակալումը առանց իրավական սանկցիայի: Իսկ
անվտանգության մարմինները հաճախ ձերբակալվածի դատապաշտպանին եւ ընտանիքի
անդամներին տեսակցելու իրավունք չեն տալիս մինչեւ նախաքննության ավարտը:
Թեեւ
Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է անկախ արդարադատություն,
այդուհանդերձ, Սահմանադրությունը չի պաշտպանում արդարադատության
մարմիններին գործադիր եւ օրենսդիր մարմինների ճնշումներից: Դատավարության
ընթացակարգում դատախազները շարունակում են ստվերել դատավորներին եւ
դատապաշտպաններին: Իսկ արդարադատության խորհուրդը, որը գլխավորում է երկրի
նախագահը, նշանակում, պատասխանատվության է ենթարկում առաջին ատյանի,
վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորներին:
Նախագահը,
հավելումն, նշանակում է արդարադատության խորհրդի մնացած 14 անդամներին եւ
Սահմանադրական դատարանի 9 դատավորներին: Նախագահը վճռական խոսք ունի բոլոր
ատյանների դատավորներին նշանակելու եւ հեռացնելու հարցում:
Հայաստանն
իր դատաիրավական համակարգը ժառանգել է խորհրդային միությունից, որտեղ
դատարանը ոչ թե պաշտպանում է քաղաքացիների իրավունքները, այլ գլխավորապես
ծառայում է դատախազին:
Խոսքի եւ մամուլի ազատության վերաբերյալ
զեկույցում նշվում է, որ Հայաստանում պաշտոնական գրաքննություն չկա,
պարբերականները ներկայացնում են տարբեր տեսակետներ, քննադատում են
իշխանություններին, այդ թվում նաեւ նախագահին: Հաճախ, սակայն,
լրագրողները, վախենալով զորեղ իշխանավորների վրեժխնդրությունից,
ինքնագրաքննության են ենթարկում իրենց հրապարակումները, հատկապես, երբ
լուսաբանում են կաշառառության խոշոր դեպքեր կամ ազգային անվտանգության
հարցեր: Իսկ պետական այն կառույցները, որոնք ժամանակին վերահսկում էին
մամուլը, այժմ կորցրել են իրենց նշանակությունը:
Իսկ ահա
հեռուստատեսությունը, որն ամենամատչելի լրատվամիջոցն է Հայաստանում,
շարունակում է մնալ նախագահի գրասենյակի ազդեցության տակ: Հայաստանի
հանրային հեռուստատեսությունը քաղաքական ցուցումներ է ստանում
կառավարությունից:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների
մասին տարեկան զեկույցը քննադատական դիտողություններ է պարունակում նաեւ
կրոնի ազատությունների վերաբերյալ: Նշվում է, մասնավորապես, որ Եհովայի
վկաների ճնշումների են ենթարկվում Հայաստանում: Կրոնի պետական խորհուրդը
հրաժարվում է գրանցել Եհովայի վկաներին:
Հայաստանում մարդու
իրավունքների մասին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարեկան զեկույցը անդրադառնում է
նաեւ մի շարք այլ խնդիրների, մասնավորապես՝ կանանց, երեխաների, ազգային
փոքրամասնությունների իրավունքներին:
Բոլոր այն անձիք ովքեր ունեն հետաքրքիր գեյ պատմություններ իրենց և այլ մարդկանց հետ կապված, ինչպես նաև գեղեցիկ բանա- ստեղծություներ, ապա գրեք կայքում հյուրերի բաժնում, կամ ուղարկեք www.arsenchok@mail.ru հասցեին: Դրանք անպայման տեղ կհատկացվեն կայքում: