Դեկտեմբեր 07, 2010
Թերթը տեղեկացնում է, որ մի խումբ համասեռականներ նամակ են հղել
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«Պարոն ոստիկանապետ, «Հրապարակ» թերթի հոկտեմբերի 3-ի համարի Ձեր
հարցազրույցում ասել էիք, թե համասեռականներին տանում եք, մի քանի հազար
տուգանում եւ բաց թողնում, բացի այդ՝ ֆիզիկական զզվանք եք զգում մեր՝
համասեռականներիս հանդեպ: Իհարկե, Դուք Ձեր նախասիրությունների մեջ ազատ
եք, սակայն եթե Ձեր բառերի վրա հիմնվենք, ապա Դուք խոստովանում եք, որ
ոտնահարում եք մարդու իրավունքները պետական մակարդակով:
Շատ ներողություն, ինչո՞ւ պետք է տուգանեք համասեռականներին, ինչի՞
համար, իրենց զգացմունքների՞, թե՞ նրա համար, որ որեւէ մեկի հետ
հարաբերություն ունենալիս չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, ինչպես Երեւանի
ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետում: Այս
դեպքում հարց. ինչո՞ւ չեք տուգանում Ներսիկ Նազարյանին: Ի դեպ, Դուք
գիտե՞ք, թե որտեղից է Ն. Ն.-ին այդքան գումար:
Իսկ մենք գիտենք. դա գոյացել է սեռական փոքրամասնություններին
տուգանելով: Բացի այդ, ամեն մեկիցս անձեռնմխելիության համար օրական
պահանջում են 100 դոլար, եւ երբ դա չի հաջողվում կորզել, իրենք ուղարկում
են 100 ՈՍ 02 համարներով «աքիլեսին», որն իմիջիայլոց իր իսկ կողմից, իր իսկ
ջոկատով մեզ հետապնդելու ժամանակ նկարահանվել է տեսախցիկով, եւ շատ շուտով
այն կհայտնվի «YouTube» կայքում՝ ի տես ամբողջ աշխարհի, թե ինչպես են
պաշտպանվում ՀՀ-ում սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Դրանով մենք մեր խոսքը կուղղենք օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի
իրենք եւս ուշադրություն դարձնեն այն բարբարոս տեսարանին, որը տեղի է
ունենում իրենց աչքի առջեւ: Իսկ ընդհանրապես, պարոն Ալիկ Սարգսյան, եթե
մ.թ.ա. 330 թվականին մեծն Ալեքսանդր Մակեդոնացու օրոք Դուք նմանատիպ ձեւով
արտահայտվեիք համասեռամոլների մասին, մեզ թվում է՝ նա անմիջապես մեր
հանդեպ Ձեր ֆիզիկական զզվանքը կվերածեր ֆիզիկական հաճույքի: Հատկապես
մեզանից ֆիզիկական զզվանք զգացող բարձրաստիճաններին հիշեցնենք, որ մենք
քաջատեղյակ ենք իրենց սեռական արկածների մասին: Եվ չի բացառվում, որ օրերից
մի օր էլ մենք մեր վերաբերմունքը տեսահոլովակների ձեաչափով թողարկենք
հասարակական հետաքրքրություն ներկայացնող կայքերով:
News.am